Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ի՞նչ մեղք ենք գործել ազգովի, որ այսքան դաժան պատասխան ենք տալիս

Ի՞նչ մեղք ենք գործել ազգովի, որ այսքան դաժան պատասխան ենք տալիս
30.06.2025 | 11:14

Հիմա արդեն, հուզականությունից դուրս ուզում եմ անդրադառնալ հունիսի 26-ի դեպքերին։

Ո՛չ, գրառումս հակահայ Փաշինյանի մասին չէ։ Գիտեք, այն, որ այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու գերնպատակն է հայի ինքնության ոչնչացումը՝ դա ինձ համար պարզ է եղել դեռևս 2018 թվականից և դրա մասին ես անթաքույց խոսել եմ:

Ես ուզում եմ խոսել ԱԱԾ հատուկ ջոկատայինների, կարմիր բերետավորների, ոստիկանների, քննիչների և այլ անձանց մասին, ովքեր մկրտված են եկեղեցով, ամուսնացած են եկեղեցով, մկրտում են իրենց երեխաներին, ամեն անգամ եկեղեցու կողքով անցնելուց խաչ են անում... ու այդ օրը խրոխտ քայլվածքով պղծեցին վեհարանը, մտան ձերբակալելու մի մարդու, ում մասին, համոզված եմ, բոլոր դրանք գիտեն, որ իրեն ներկայացված մեղադրանքի հետ ոչ մի առնչություն չունի։ Սա վերաբերվում է նաև այն սրբապիղծ վախկոտներին, ովքեր առավոտյան էջմիածնում չէին եղել, սակայն օրվա երկրորդ կեսին, քննչական կոմիտեի դիմացից ձերբակալում էին ու տանում հայրենասերների, որոնք խոչընդոտել էին սրբազանի կալանավորումը։

Ես մի հարց ունեմ այդ բոլորին՝ ինչո՞վ եք Դուք տարբերվում Փաշինյանից, թուրքից... ախր դավաճանությունը միայն պատերազմի ժամանակ չի լինում։ Այո, դուք դավաճաններ եք։ ՈՒ ինչքան էլ ձեր կատարած ստոր արարքից հետո, տուն վերադառնալով, ձեր մայրերին համոզեք, թե՝ «դա ձեր աշխատանքն է», «հրաման էիք կատարում», «տուն եք պահում», միևնույն է դուք մնալու եք նույն ստորն ու նվաստը, նույն հայրենիքի ու եկեղեցու դավաճանը, Ձեր քավորին, ու սուրբ մյուռոնին պղծողը: Կամ էլ հրապարակավ պիտի ընդունեք, որ անուղեղ կենդանի եք, պատրաստ առանց քննարկման կամայական հրաման կատարելու։

Այս մասով այլևս խոսել չեմ ուզում, քանզի նողկում եմ բոլոր դրանցից, անկախ նրանից, երբևէ շփվել եմ դրանց հետ թե ոչ և անկախ նրանից նույնիսկ, թե ինչ ազգակցական կամ բարեկամական կապեր ունեմ:

Հիմա հաջորդիվ, հուսամ, որ այն մարդը, ով խորհուրդ տվեց ու հորդորեց Միքայել սրբազանին հանձնվել, սա կարդում է։

Ես կարծում եմ, որ այդ օրը տեղի ունեցավ այդ առումով նույնպես եկեղեցու նվաստացում և այդ մարդը նույնպես իր դերակատարումն ունեցավ այդ գործընթացում։ Առճակատումը կայացել էր և եկեղեցին մի ճակատամարտ հաղթել էր։ Չէր կարելի ճկվել, կորանալ, կռանալ...

Դուք դա արեցիք։

Գիտեք, ոչ մեկս մյուսի փոխարեն անել չենք կարող։ Յուրաքանչյուր ոք, այս պահին պետք է իր ոգին դրսևորի։ Ես կարծում եմ, որ այդ քայլով Հայ Առաքելական Եկեղեցին կորացավ։

Կներեք, բայց սա իմ համոզված կարծիքն է։ Հիմա արդեն սպասեք այդ կորանալու շարունակությանը, որը իմ կարծիքով չի ուշանա:

Հասկանում եք, ամեն անգամ Ձեզ թվում է, որ սա վերջն է, սակայն Փաշինյանի այլասերվածությունը տիեզերական մաշտաբների է, և նա մի նոր բան է մոգոնում։

Միայն մեկ բան չեմ հասկանում, ի՞նչ մեղք ենք գործել ազգովի, որ այսքան դաժան պատասխան ենք տալիս, ու ինչքան հասկանում եմ դեռ մեր մեղքը չենք քավել:

Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ